Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ (մաս 3-րդ)

Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ (մաս 3-րդ)
20.02.2024 | 16:10

Հայ ժողովրդի պատմության ընթացքում բազմադարյա մի խնդիր է մեզ միշտ ուղեկցել. պայքարի, դիմադրության համար գրեթե միշտ շատ դժվար է եղել ներսում նյութական ռեսուրսի հավաքագրումը, և այս գործոնը ծանրակշիռ է եղել պայքարի տարբեր փուլերում՝ հաճախ որոշիչ պատճառ դառնալով պարտության համար։ Եվ հակառակը. 90-ականներին ողջ ռեսուրսը դրվեց հաղթանակի վրա, ու հաղթանակը եղավ։

«Ռեսուրս չկա»

Այն, որ այս հանրային ռեսուրսի հաշվին ահռելի կապիտալի տեր դարձած շրջանակները «ռեսուրս չունեն» պայքարի համար, մենք արդեն անգիր գիտենք։

Այն, որ Արցախի շնորհիվ կապիտալի տեր դարձածները «ռեսուրս չունեն» սեփական հայրենիքի փրկության համար, դա արդեն նույնպես գիտենք։

Այն, որ հայկական խոշոր բիզնեսը մինչև վերջին պահը դուրս չի գալու իր կոմֆորտից, դա էլ գիտենք։

Ռուսահայ և արևմտահայ կապիտալը կսկսի աշխատել միայն այն ժամանակ, երբ նրան «կասեն». սա արդեն բոլորին պարզ է։ Ովքե՞ր են ասողները, և ինչո՞վ են առաջնորդվելու «ասելիս», սա էլ մի առանձին խնդիր է։

Պետք է ընդունել, որ սա այսօրվա խնդիր չէ. այսպես եղել է 100, 200, 300 տարի առաջ և գուցե ավելի վաղ։ Կարդացեք նախորդ դարերի մեր հայտնի գրողներին, ու պարզ կդառնա, որ նախորդ դարերում էլ հայ մեծահարուստները չէին սիրում փող տալ ինքնապաշտպանական ջոկատների, զենք առնելու, պայքարի և համախմբման համար։ Իհարկե, կա կարևոր վերապահում. կամովին գուցե չէին տալիս, բայց պայքարը կար, և պայքարողները նրանցից այդ ռեսուրսը որևէ մեթոդով ստանում էին։

21-րդ դարում նույնպես կապիտալը և պետականության զգացումը մեծ մասամբ չեն համագործակցում։

«Պծիչկա դնել» հայրենասերի սյունակում

Հայ կապիտալը կարող է փող չտալ հայրենիք պահելու համար, բայց հայրենիքը կորցնելուց հետո կարող է հայրենակցական միություններ, սոցիալական ճաշարաններ, օտար վայրերում կիրակնօրյա դպրոցներ ֆինանսավորել, մշակույթի տներ սարքել և այդպիսով «պծիչկա դնել» հայրենասերի իր սյունակում։

Սա է մեր պետական մտածողության պատմական դեֆեկտը, որը ձգվում է դարերի խորքից։

Վստահ եմ՝ շուտով կբացվեն նաև Արցախի հայրենակցական միություններ,գուցե անգամ մի քանի՝ իրար հետ մրցակցող-հակամարտող՝ Մարտունի, Ասկերան, Մարտակերտ, Ճարտար, Հադրութ և մեր շքեղ հայրենիքի շքեղ բնակավայրերի անուններով հայրենակցական ակումբներ և այլ հազար տեսակի գրող ու ցավ։ Ու մեծ քսակից մի փոքր գումար հատկացրած մեծահարուստները կհամարեն, որ հոգու պարտքը կատարեցին՝ ամեն ինչ հայրենիքի համար։

Այսօրվա Հայաստանում 100-ից ավել մարդ աճուրդային հայտ է ներկայացնում նախնական 50 հազար դոլարով «մաշնի համար» առնելու համար։ Մոտ 800 հոգի էլ՝ այլ գնային կատեգորիաներում։ Այսինքն, նման հիմար բաների համար միլիոնավոր դոլարների ազատ փող կա մի մեծ խումբ մարդկանց մոտ մի երկրում, որը գերիներ ունի Բաքվի բանտերում, որի մի մեծ հատված մի քանի ամիս առաջ ենք կորցրել, որտեղ վերջին կռվից ու պայթյունից 450 զոհ՝ հայր, եղբայր, երեխա կորցրած ընտանիքներ կան, որտեղ անտուն, անշոր հարյուր հազարներով երեխեք կան, որտեղ աղետի գոտում տնակներում ապրողներ կան, որտեղ նոր Եռաբլուր կա, որտեղ սահմանին հարցեր կան՝ հեշտ վառվող կացարաններ և թշնամու դեմ կանգնած թերզինված զինվոր ու սպա կա, բուժման փող չունեցողներ կան և այլն, և այդպես շարունակ։

Ռեսուրս պետք է, և ռեսուրս կա

Հանրային լուրջ, արդյունավետ պրոցեսներ գեներացնելու, շարժումներ սկսելու և հաջողության հասնելու համար ռեսուրս է պետք։

Մեր պայքարը հաճախ ստանում է գրոտեսկային երանգ, երբ երեխային մեծացնելու կոպեկներ չունեցողի կողքին իբր պայքարում են միլիոնների եկամուտներ ու ահռելի ֆինանսական ռեսուրսներ ունեցողները։ Սա իբր պայքար է, սա ուս-ուսի պայքար չէ, որովհետև հերթական միտինգից կամ շարժումից հետո մեկը մնում է իր սուր կենցաղային հոգսերի հետ, աշխատանք կորցնում կամ հայտնվում է բանտում՝ առանց փաստաբանի ու առանց ընտանիքի ապրուստի միջոցի, իսկ կողքին «պայքարող» ապահովները շարունակում են իրենց կյանքը՝ մի սեզոն Ֆրանսիայի հրապարակ, մի սեզոն՝ Լոս, Դուբայ, Եվրոպա և այլ ռեժիմով։ Սա պայքար չէ։ Ու իսկապես չի հասկացվում՝ ով է հայրենիքի համար պայքարում, ով՝ սեփական գույքի։

Ու թող ոչ ոք չասի, թե փոփոխությունների համար, այդ թվում՝ նոր իշխանության ձևավորման պրոցեսի համար ռեսուրսներ պետք չեն։ Վրաստանը իր ազգային փորձանք դարձած Սաակաշվիլուց ի վերջո ազատվեց Իվանիշվիլու շնորհիվ, որը թե´ մոդերատոր էր, թե´ խոշոր միջոցներ դրեց գործի համար։

Իհարկե, այսպես չի մնա։ Մի օր իշխանությունը փոխվելու է, և անշուշտ ծագելու են հարցեր։ Նման մասշտաբի ազգային աղետներից հետո միշտ լինում է ազգային «ռազբորկա», և ցանկացած հաջորդ իշխանություն գնալու է մեծ փողերի հետևից՝ քանդված երկիրը վերականգնելու, անհայր, անտուն մնացած տասնյակ հազարավոր ընտանիքներին օգնելու, սպային արժանապատիվ վարձահատույց լինելու, հերոսների ընտանիքներին արժանի կյանք ապահովելու և, ի վերջո, սոցիալական արդարությունը ինչ-որ չափով վերականգնելու համար։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3149

Մեկնաբանություններ